ՄԵՐ ՄԱՍԻՆ
Արցախյան պատերազմներին նվիրված Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթ` նախաձեռնություն, որն ուղղված է արժևորելու, լսելի և տեսանելի դարձնելու բազում անհատական պատմություններ ու մի ամբողջ ազգի ճակատագրի բեկումնային պահերն ու ցույց տալու այդ նույն անհատների ու ազգի անսասան կամքը` քայլելու առաջ, շարունակելու ապրել և արարել` հիշելով անցյալը, դրա դասերն ու իրական հերոսներին:
Հրետանավորի
օրագիրը
Ալբերտ Մկրտչյանը
Ակունքներ
Վ. Սարգսյան գրական մրցույթի ակունքներում 44-օրյա պատերազմի ընթացքում զորակոչված ժամկետային զինծառայող Ալբերտ Մկրտչյանի պատմությունն է:
Ալբերտը բանաստեղծ չէր, գրող չէր, նա պարզապես հայ տղա էր, ով իր ստորաբաժանման ընկերների հետ մասնակցել է Ջրականի (Ջաբրայիլ) ծանր մարտերին:
Զորացրվելուց հետո, սակայն, պատերազմի մասին հուշերը պետք է տրվեին թղթին, և ինժեներ Ալբերտը գրում է «Հրետանավորի օրագիրը» գիրքը, որում համառոտ ձևաչափով վավերագրում է պատերազմն առանց հատուկ «գեղարվեստականության», իր բնական խոսքով:
Գիրքը ոչ այնքան ռազմական իրադարձությունների ու մարտերի մասին է, որքան՝ երիտասարդ զինվորների կյանքի ու «առօրյա» պատերազմի մասին։ Նպատակը` գրքի միջոցով ընթերցողին հասցնել պատերազմի հոգեբանությունը և հասարակությանը տալ արդարացված հերոսների կերպարներ։
Ու քանի դեռ նպատակը ավելին էր, քան ընդամենը մեկ տղայի պատմություն, այն պետք է ապրեր, ուստի «Մարտական եղբայրություն» միաբանության և «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ կյանք տրվեց Վ. Սարգսյան գրական մրցույթին:
Մրցույթի նպատակներ
- Պատերազմի՝ որպես ազգային կյանքի կարևորագույն, առանցքային իրադարձության հանրային իմաստավորումն ու վերապրումը, ինչպես նաև պատերազմ անցած հանրության հոգեբանական, գեղարվեստական, վավերագրական ու վերլուծական փորձի ամրագրումն ու փոխանցումը, դրա տեղադրումը հանրային օրակարգի և ուշադրության կենտրոնում:
- Պատերազմի մասնակցի ձայնը, տեսակետը, ապրումը լսելի ու ընկալելի դարձնելը, հանրային ուշադրության կենտրոն բերելը:
- Պատերազմի մասնակիցների մեջ տաղանդների բացահայտումը՝ գրական, վերլուծական և այլն:
- Պատերազմի վավերագրումը, որը հետագայում պետք է նյութ դառնա պատմագիտության, հասարակագիտության, ռազմագիտության, ինչպես նաև արվեստի համար:
Մրցույթի հիմքում
ԿՈՂԲ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հիմնադրամի առաքելությունն է կրթական, մշակութային և սպորտային նախագծերի իրականացման միջոցով նպաստել կյանքի որակի բարելավմանը Հայաստանում։
«Կողբ»-ի տեսլականն այնպիսի Հայաստանն է, որտեղ բարեգործական հիմնադրամներն անելիք չունեն:
Հիմնադրամի գործունեությունը հիմնվում է հետևյալ արժեքների վրա` ազատություն, ազնվություն, պատասխանատվություն, արդարություն, կատարելություն:
ՄԱՐՏԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ
«Մարտական եղբայրություն» միաբանության հիմքում հայրենիքի ու պետականության, ինքնորոշման ու հավատի, կամքի ու սիրո, արիության ու քաջության, ուժի ու պայքարի կարողության, եղբայրական թիկունքի ամրության միասնության խորհուրդն է։
Մարտական եղբայրությունն իր էությամբ ուխտ է`
լուռ,գործի նվիրումով, խոհեմությամբ ու արժեքներով, տեսակով և ճակատագրով միավորված հոգևոր միություն։