«Հրետանավորի օրագիրը»
2022 թ.-ի հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Ալբերտ Մկրտչյանի «Հրետանավորի օրագիրը» գրքի շնորհանդեսը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Ալբերտ Մկրտչյանը 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցել է Ջրականի (Ջաբրայիլ) ծանր մարտերին: Հեղինակը օրագրային համառոտ ձևաչափով վավերագրել է պատերազմն՝ առանց հատուկ «գեղարվեստականության», իր բնական խոսքով: Գիրքը ոչ այնքան ռազմական իրադարձությունների ու մարտերի մասին է, որքան՝ երիտասարդ զինվորների կյանքի ու «առօրյա» պատերազմի։
Շնորհանդեսին խոսքով հանդես եկան հեղինակը, գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, գրքի նախաբանի հեղինակ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը, մաեստրո Տիգրան Մանսուրյանը, Ալբերտի զինակից ընկերներն ու նրանց հարազատները։
«Հրետանավորի օրագիրը» գրքի հրատարակությունն ու շնորհանդեսը հնարավոր են դարձել «Մարտական եղբայրություն» միաբանության, «Կողբ» հիմնադրամի և «Անտարես» հրատարակչության աջակցության և հանրային հանգանակության շնորհիվ։